Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ես հայ եմ, Վռամշապուհ Աշըքյանն եմ, ես հայ եմ, Վռամշապուհ Աշըքյանն եմ, իմ մորս անունը..., հորս անունը...»

«Ես հայ եմ, Վռամշապուհ Աշըքյանն եմ,  ես հայ եմ, Վռամշապուհ Աշըքյանն եմ,  իմ մորս անունը..., հորս անունը...»
24.04.2012 | 00:00

Եթե մի օր Աբովյան քաղաքի գերեզմանատան բլուրին կանգնած սուրբ եկեղեցին այցելեք, որ կրում է սուրբ Ստեփանոս Նախավկայի անունը, ու ձեր աղոթքն անելուց հետո դուրս գաք բակ, ապա մուտքից դուրս, դիմացի գերեզմանի տապանաքարի վրա ուշադրություն դարձրեք, որի վրա մի քանի խաչեր են փորագրված: Եվ դա հենց այնպես չէ, ինչպես հիմա են մարդիկ անում, առանց Քրիստոսի ու Նրա Խաչի հավատի իրենց ննջեցյալների գերեզմաններին խաչքար տեղադրում: Այստեղ հանգչող հայորդին եղեռնախորհուրդ տարիներից իսկապես Տիրոջ Խաչի գտած ու պահած զավակն է, որի մասին վկայեց նրա հարազատ դուստրը:

«1915 թվականի եղեռնից պարտիզակցի հայերի հետ հորս գերդաստանն էլ քշեցին Դեր Զորի անապատներում իրենց կյանքի վախճանը գտնելու, բայց Աստծո նախախնամությունը նրանց պահեց ու մինչև Սիրիա տարավ: Ասենք, որ այդ երկրի կառավարությունը հենց այնպես չէր, որ հայերին ապաստան տվեց, այլ, լսած լինելով մեր ազգի աշխատասիրության մասին, մեզ կիսաանապատ, անմշակ վայրերում էին բնակեցնում, որ հայի քրտինքով այդ հողերը այգիների վերածվեն: Այդպես էլ եղավ հետագայում, բայց մինչ անապատ-անդաստան մտած այդ հայորդին իր ձեռքով տնկած ծառի պտուղը քաղեր, դեռ շատ հոգու հեծեծանք պիտի տեսներ, ու նույնիսկ սովամահ որդիներ ու դուստրեր թաղեր օտարի հողում: ՈՒ դրանցից մեկը կլիներ և իմ հայրը, եթե ճակատագրի բերումով մի օր մեր խղճուկ ու թշվառ հյուղակի մոտ մի արաբ չերևար: Նա մարդաորսության էր դուրս եկել, որ մի կտոր հացով, կամ մի պտղունց պանրով մի մանուկ տղա գայթակղեր ու հետը տաներ իր բազմաթիվ ոչխարներին բատրակ հովիվ դներ, լոկ օրապահիկի խոստումով: Այս անգամ նա բակում, հող ու ավազի մեջ սովը մոռանալու համար խաղով տարված ութ տարեկան ապագա հորս է տեսնում: Նենգավորի զգուշությամբ առաջին օրն այդ սոված մանչուկին ընդամենը մի կտոր հաց է տալիս, ինչպես խորագետ ձկնորսներն են երբեմն ջրի երեսին հաց փշրում, որ միամիտ ձկները կարծեն, թե բարեհոգի մեկն է իրենց կերակրում, և երբ հացի համից չկշտացած էլի են ուտելիք փնտրում, այս անգամ կարթն էլ հետն են կուլ տալիս: Այդպես էլ այդ խորամանկ արաբը վարվեց. մյուս օրը մեր տան մոտերքը պտտվելով, հարմար առիթից օգտվելով, նորից հորս մի կտոր հաց է տալիս ու հետն էլ ասում. «Եթե գաս ինձ հետ մեր տուն, մածուն ու պանիր էլ կտամ»: Սովից դատարկված ոսկորներով մանուկը, չդիմանալով առաջարկի գայթակղությանը, թողնում է հորն ու մորը և առանց մի բան ասելու նրանց, արաբի հետ նրա տունը գնում:

Անցնում է քսան տարի: Մանուկը, ժիր ու աչքաբաց լինելով, շուտով արաբ ընտանիքի սիրելին ու նրանց ամբողջ տան վերակացուն է դառնում, և նրանք էլ որպես հոգեզավակ են ընդունում գեղեցկատես ու սպիտակամորթ այդ առնականացած հայորդուն։ Նրանց ընտանիքի խոսքն ու զրույցը, իհարկե, արաբերեն էր, ու հայ պատանու բերանից երբեք հայերեն բառ ու անուն չլսեցին ու խորհեցին, որ այս մեկն էլ կտրվեց իր քրիստոնյա հայրերի արմատներից ու դարձավ իրենցը։ (ՈՒ իսկապես, քանի՜ քանիսն իմանալով, թե չիմանալով իրենց հայկազյան, արիական, ազնվական լեզուն ու արյունը, խառնվեցին բաշիբոզուկ ազգերի անմաքուր արյան հետ ու կլանվեցին նրանց կողմից: Եվ թող ընթերցողն իր ունեցած իմաստությամբ չմտածի, թե հպարտությունից կամ կեղծ ազգասիրությունից դրդված եմ այս գրում, որովհետև Քրիստոսի սուրբ Արյունն ու Մարմինը հավատքով ու երկյուղով ճաշակած մարդը սրբանում և ազնվանում է այդ զորությամբ, ինչպես 1700 տարի արել են մեր հայրերը- հեղ.):

Բայց այդ արաբ ընտանիքից ոչ ոք չէր էլ մտածում, որ այս հայորդի մանուկն ամեն գիշեր իր իսկ մայրենի լեզվով աղոթք է մրմնջում օտարի հողում, օտարի տանիքի տակ: Եվ գիտե՞ք ինչ էր աղոթում. ո՛չ մեր իմացած «Հայր մերը», դա նրան դեռ չէին հասցրել սովորեցնել հացի ու կացի կռիվ տվող նրա ծնողները: Այդ քրիստոսացեղ մանուկն ամեն գիշեր, արցունքն աչքերին, իր իսկ անուն-ազգանունն էր կրկնում անդադար .«Ես հայ եմ, Վռամշապուհ Աշըքյանն եմ, ես հայ եմ, Վռամշապուհ Աշըքյանն եմ, ես հայ եմ, Վռամշապուհ Աշըքյանն եմ ես…, իմ մորս անունը..., հորս անունը... »։ Եվ այդպես, միայն հային հատուկ անբացատրելի հոգու կարոտի արցունքներն աչքերին, քուն էր մտնում, այն հույսով, որ մի օր հայ ազգի վրա նորից Աստծո ողորմության արևը կծագի, ու այլևս թաքուն չի կրկնի ինքն իր էությունը հաստատող անունն ու դավանանքը, որ երբեք չմոռանա, որ ինքը հայ է՝ այն էլ քրիստոսացեղ, որի մասին դեռ ինքն անտեղյակ էր, բայց որը միայն իր ազնվացեղ հոգին գիտեր. ազնվացեղ, որովհետև իր ծնողները սրբացնող ու կյանք տվող աղբյուրից էին սնունդ ու ծնունդ առել, քանի որ մարդը վերստին ծնվում է մկրտության սուրբ ավազանից՝ Սուրբ հոգով ու առաջին սնունդն ընդունում սուրբ Հաղորդությամբ՝ անձամբ Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը:

ՈՒ մի օր արդեն, որպես արաբ ընտանիքի լիիրավ զավակի, նրան ինչ-որ գործով Բեյրութ են ուղարկում: Դեռ քաղաք չհասած, հանկարծ ճանապարհի կողքին, գերեզմանների մոտ, շանթահարվածի նման կանգ է առնում, շիրմաքարերից մի քանիսի վրա կանգնեցրած խաչեր է տեսնում: ՈՒ իսկույն ուղեղի հիշողության դեռ անիմանալի ծալքերում, հանկարծ լույսի նման հանգած հիշողության մի ամպրոպ է շամփրում միտքը. «Այս նշանը մեր հայ ազգի նշանն է»: Եվ քաղցր հիշողությունները հոգու թևերով նրան մեկեն տանում են իրենց գյուղի եկեղեցին ու գմբեթի Խաչը, քահանայի խնկաբույր աջն ու նրա ձեռքի արծաթյա Խաչը, որն իր մայրը, երբ ինքը դեռ անբարբառ մանուկ էր, գրկելով մոտեցնում ու հորդորում էր համբուրել Տիրոջ Խաչը, որն ամեն անգամ համբուրելիս, չէր էլ կարող մտածել, թե տարիներ անց ինչպես է իրեն օգնելու: Եվ ահա քսանութ տարի հետո նա հասկացավ, թե ինչու էր իր հոգատար մայրն ուզում, որ տղան Խաչը համբուրի. այդ Խաչի զորությունն էր իրեն՝ հային, հայ պահել: Եվ զարմանալին նաև այն էր, որ նրա հիշողության ծալքերից համարյա ջնջվել էր ամեն օր իրեն կաթ տվող մոր պատկերը, իսկ ահա շաբաթը մեկ՝ կիրակի օրը եկեղեցում իր համբուրած Խաչն իր անջնջելի կնիքն էր դրել իր մանկական հոգում։ Ինչպես Հակոբ նահապետի ոչխարները ջուր խմելիս խայտաբղետ փայտերն էին տեսնում գուռի մեջ, ու հետո խայտաբղետ գառներ էին ծնում, այդպես էլ Հիսուսի Արյունով «խայտաբղետ» ներկված Խաչի պատկերով է մանուկ հասակից անջնջելի դրոշմվում քրիստոնյայի հոգին։ ՈՒ մոռացության թմբիրից արթնացած Աշըքյան հայը սկսում է մոտերքում կանգնած մարդկանց արաբերենով հարց ու փորձ անել, թե այս ինչ գերեզմաններ են ու որտեղ են ապրում դրանց հարազատները։ Երկար փնտրելով ու Բեյրութի Բուրչալլուի հայաբնակ թաղի հետքերը գտնելով ու յուրայինների մեջ մտնելով, խոսք ու զրույցով վերադառնում է իր ազգի՝ իր հարազատների գիրկը, ու մկրտվելով հաստատվում իր հայրերի լույս հավատքի մեջ:

Իսկ երբ Հայաստան վերադարձի հույս է ծագում, նա առաջիններից մեկն էր, որ թողնելով տունուտեղ, գալիս է մայր հողը շենացնելու ու, 197.. վերջին անգամ խաչանիշ կնիքով իրեն կնքելով, ննջում ի Քրիստոս, որդիներին ու դուստրերին թողնելով սրտի մնացած բաղձանքը՝ ազատ, անկախ Հայաստան, ու հոգին չի սխալվում. վկա ենք մենք ու մեր այս ժամանակները։

Փա՜ռք Հիսուսի սուրբ Խաչին, որ քրիստոնյային քրիստոնյա է հաստատում, որ հային հայ է պահում, որ մեր հայոց ազգն է պահպանում, որ զորավոր կարծվածների հետ տարրալուծումից է փրկում։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8915

Մեկնաբանություններ